11 ՎԵՊ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ և ոչ միայն սիրո


Ուզո՞ւմ եք կին- տղամարդ հարաբերությունների մասին ավելին իմանալ, գրքերի միջոցով ճանաչել հակառակ սեռին, ուզու՞մ եք սեր, հիասթափություն, դավաճանություն, ամուսնություն, ընտանիք ... թեմաներով գրքեր կարդալ... Ահա, ձեզ ենք ներկայացնում 11 ՎԵՊ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ և ոչ միայն սիրո

Ջեյն Օսթին «Զգացմունք և բանականություն» 

Ընտանիքի հոր մահը խոշոր հողատերերին բնորոշ ապահովված ապրելակերպից զրկում է մորն ու երեք դուստրերին, քանի որ նրանց կալվածքն ու գրեթե ամբողջ ունեցվածքն արական գծով են ժառանգվում: Ծանր որոշումներ կայացնելիս, ստեղծված իրավիճակները հաղթահարելիս, նոր ու անծանոթ միջավայրում իրենց կյանքը կազմակերպելիս Դաշվուդ ընտանիքի կանայք, որոնց միավորում են իրար հանդեպ սերն ու մարդկային վսեմ արժանիքները, անցնում են զգացմունքային դաժան փորձությունների բովով, բայց ի վերջո բանականության ուժով հասնում են իրենց երազած երջանկությանը:
Ջեյն Օսթինն իր այս վեպում նույնպես վարպետորեն նկարագրում է 19-րդ դարասկզբի անգլիացի ազնվականների բարքերն ու կենցաղը, վեր հանում ապականված հասարակության արատները, ինչպես նաև ցույց է տալիս, որ շահի ու եկամուտների հաշվարկի վրա հիմնված այդ հասարակության մեջ նաև ազնիվ ու զգացմունքային մարդիկ են ապրում:

Թարգմանությունը անգլերենից` Արմենուհի Փալանդուզյանի
Հրատարակչություն՝ «Անտարես», 2017
Խավիեր Մարիաս «Այնքան սպիտակ սիրտը» 

«Այնքան սպիտակ սիրտը» (1992) վեպը թարգմանվել է տասնյակ լեզուներով: Մասնագիտությամբ թարգմանիչ նորապսակ Խուան Ռանսը կնոջ հետ մեկնում է ամուսնական ճանապարհորդության: Լա Հավանայի պատշգամբից դուրս նայելիս նկատում է փողոցում սպասող անծանոթուհուն և, ինքն էլ չցանկանալով, ունկնդիրը դառնում մի խոսակցության: Այդ պահից ի վեր այլևս անհնար է ազատվել«տհաճության զգացումից», որն ուղեկցվելու է ամուսնական կյանքի ամբողջ ընթացքում: Իսկ գուցե այդ «տհաճությունը» գալիս է վաղ անցյալից, ո՞վ գիտի: «Այնքան սպիտակ սիրտը» վեպը գաղտնիքների, դրանց հնարավոր վտանգավորության, ամուսնության, սպանությունների, կասկածի, խոսելու և լռելու մասին է, սպիտակ սրտերի մասին, որոնք կամաց-կամաց ներկվում են՝ դառնալով այնպիսին, ինչպիսին երբեք չէին ցանկանա լինել:

Իսպաներենից թարգմանեց Ռուզաննա Պետրոսյանը
Հրատարակչությունը՝ «Անտարես», 2016
Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը»

«Կեցության անտանելի թեթևությունը» Միլան Կունդերայի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է նաև XX դարի վեպի որակական նոր մակարդակը: Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը:

Ֆրանսերենից թարգմանեց՝ Շուշանիկ Թամրազյանը
Հրատարակչությունը՝ «Անտարես», 2015


Ջեյն Օսթին «Հպարտություն և նախապաշարմունք»

Անգլիացի հարուստ հողատեր Դարսին հմայվում է մանր ազնվականի դուստր Էլիզաբեթի աշխույժ մտքով ու արժանավայել պահվածքով: Թվում է՝ երիտասարդի հասարակական դիրքից և ազգակցական կապերից բխող հպարտությունը և նրա մասին տեղի հասարակության բացասական կարծիքից առաջացած՝ աղջկա նախապաշարմունքը բացառում է, որ իրականանա Էլիզաբեթի մոր թերևս միակ երազանքը՝ ամուսնացած տեսնել իր հինգ դուստրերին.. Ջեյն Օսթինի այս ստեղծագործությունը գրավում է հետաքրքրական ու խոսուն կերպարներով, որոնք իրենց ժամանակի ծնունդը լինելով՝ արդիական են բոլոր ժամանակների համար:

Թարգմանությունը անգլերենից` Արմենուհի Փալանդուզյանի
Հրատարակչություն՝ «Անտարես», 2014
Գիրքը այս բլոգում

Կամիլ Լըմոնյե «Տղամարդու սերը» 

«Տղամարդու սերը» վեպը դատավարության է ենթարկվել իր անպարկեշտ բովանդակության և արծարծած իբր անբարոյական գաղափարների համար: Այնինչ, Լըմոնյեի վեպի հերոսները ուժեղ անհատականություններ էին, ովքեր ամբողջովին տրված էին սիրո պարգևած կրքինՙ այրվելով նրա կրակների մեջ: Նրանք փորձում էին ներդաշնակ լինել բնությանը, նրանց կյանքում գերակայում են բնազդները, իսկ ամենից շատ նրանք գնահատում են իրենց ազատությունը:


Թարգմանությունը ֆրանսերենից ՝ Ալեքսանդր Թոփչյանի
Հրատարակչությունը՝ «Անտարես», 2013



Բորիս Վիան «Օրերի փրփուրը» 

Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող սույն վեպը ֆրանսիական գրականության ամենաինքնատիպ երևույթներից մեկի՝ Բորիս Վիանի (1920-1959) գլուխգործոցն է, որը մեծ աղմուկ հանեց ժամանակի գրական մամուլում: Չնայած հեղինակի որդեգրած զավեշտախառն ու աշխույժ պատմելաոճին՝ այս ստեղծագործության մասին արտահայտվողները միաբերան պնդում են, որ «Օրերի փրփուրը» բոլոր ժամանակներում գրված սիրավեպերից ամենահուզիչն է ու հոգեցունցը:

Թարգմանությունը ֆրանսերենից, առաջաբանը և ծանոթագրությունները՝  Աշոտ Ալեքսանյանի
Հրատարակչությունը՝ «Անտարես», 2018

Էռնեստո Սաբատո «Թունելը» 

«Թունելը» վեպում Էռնեստո Սաբատոն իր հերոսի՝ նկարիչ Կաստելի գիտակցության միջոցով ապացուցում է, որ հույսը, որպես այդպիսին, գոյություն չունի, և որ մարդկային գիտակցությունը երբեք չի կարող հասնել անվերապահ կամ բացարձակ սիրո:

Իսպաներենից թարգմանեց՝ Ռուզաննա Պետրոսյանը
Հրատարակչությունը՝ «Անտարես», 2014

Միգել դե Ունամունո «Մառախուղը»
Իսպանական դասական արձակի վարպետ Միգել դե Ունամունոն «Մառախուղը» վեպում մի կողմից՝ շարունակում է եվրոպական փիլիսոփայական արձակի ավանդույթները, մյուս կողմից՝ փորձում է վերստեղծել ավանդական վեպի կառուցման սկզբունքները: Ունամունոյի կարծիքով՝ յուրաքանչյուր ոք, ով կարդում է որևէ վեպ, ունակ է վերապրելու և նորովի վերստեղծելու նրա իրականությունը, ուստի, յուրաքանչյուր նոր ընթերցում նոր տարրեր է հավելում ստեղծագործությանը: «Մառախուղը» պետք է ընթերցել ու ընկալել որպես իրականություն, որը կարող ես վերափոխել, բայց մինչև վերջ խորամուխ լինել նրա գաղտնիքներին՝ անկարող ես:

Թարգմանությունը իսպաներենից՝ Ռուզաննա Պետրոսյանի
Հրատարակչությունը՝ «Անտարես», 2013


Պաուլու Կոելյու «Անհավատարմություն» 

Պաուլու Կոելյուի նոր՝ «Անհավատարմություն» վեպը նույնպես արդեն հասցրել է դառնալ համաշխարհային բեսթսելլեր: Կրկին շեշտը դնելով գրավիչ սյուժեի ու տպավորվող ձևակերպումների վրա՝ Կոելյուն այս անգամ փորձում է կնոջ անունից ու կնոջ հոգեբանության վերլուծել իրերն ու երևույթները:


Թարգմանությունը պորտուգալերենից՝ Աննա Մարությանի
Հրատարակչությունը՝ «Անտարես», 2015


Ժորժի Ամադու «Դոնա Ֆլորը և իր երկու ամուսինները» 

Ժորժի Ամադուի «Դոնա Ֆլորը և իր երկու ամուսինները» վեպը բրազիլական իրականության լայն համապատկեր է, որտեղ կենցաղը, բարքերը, սերն ու կիրքը, մարդկային ամենատարբեր հարաբերությունները շաղկապվում են դոնա Ֆլորի երկու ամուսնությունների սյուժետային գծերին:

Պորտուգալերենից թարգմանեց Աննա Մարությանը
Հրատարակչությունը՝  «Անտարես», 2017


Դեյան Տրայկոսկի «Դավաճանություն»
Մակեդոնացի արձակագիր Դեյան Տրայկոսկու «Դավաճանություն» վեպը սիրո և կրքի, պատվի ու պարտականության, հայրենի հողի ու նրա հանդեպ պատասխանատվության` այդպես էլ չհստակվող և դրա պատճառով ողբերգություն պայմանավորող հոգեբանական դեգերումների պատմություն է

Մակեդոներենից թարգմանեց Արմինե Փիլոյան- Վրտեսկան
Հրատարակչությունը` «Անտարես», 2016

Կարդալուց հետո ձեր կողմից ընդգծված հետաքրքիր հատվածները կարող եք տեղադրել Հատվածներ գրքերից խմբում:



Комментарии