Երբ Ուիլյամը գրեթե պատահմամբ բացահայտում է Աֆրիկայի վերջավորություն մուտք գործելու գաղտնիքը/հատված Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» գրքից

Վեցերորդ օրվա
Հանգստյան աղոթաժամից հետո


Մենք երկու մարդասպանի պես դարանակալեցինք մուտքի մոտ՝ մի սյան հետևը, ուրկից երևում էր գանգերով մատուռը:
– Աբբոնը գնաց վանատունը կողպելու,– ասաց Ուիլյամը:– Երբ դռների սողնակները ներսից գցի, միայն նշխարատնով կարող է դուրս գալ:
– Իսկ հետո՞:
– Իսկ հետո կտեսենենք, թե ինչ կանի:
Բայց առայժմ անզոր էինք տեսնել, թե ինչ էր անում: Մեկ ժամ անց նա դեռևս չկար: Աֆրիկայի վերջավորություն մտած կլինի, ենթադրեցի ես: Ուիլյամը պատասխանեց, թե հնարավոր է: Տեսակ-տեսակ վարկածներ կառուցելուն արդեն ընտել՝ ես նոր ենթադրություն արեցի. գուցե վերստին դուրս է եկել սեղանատնից ու գնացել Խորխեին փնտրելու: Ուիլյամը թե՝ դա էլ է հնարավոր: Իսկ գուցե Խորխեն մեռած է, ևս մի ենթադրություն առաջ քաշեցի ես: Կամ գուցե վանատանն է և հիմա սպանում է աբբահորը: Կամ թե երկուսն էլ բոլորովին այլ տեղ են, և մի ուրիշն է, դարան մտած, սպասում նրանց: Ի՞նչ էին ուզում «իտալացիները», և ինչո՞ւ էր Բենցիուսն այդպես վախեցած: Չիցե՞ այդ վախը դիմակ էր նրա դեմքին մեզ մոլորեցնելու համար: Ինչո՞ւ էր նա մնացել գրչատանը երեկոյան աղոթաժամին, եթե տեղյակ չէ, թե ինչպես պիտի կողպի վանատունն ու դուրս գա: Փորձել է լաբիրինթոսո՞վ անցնել:
– Ամեն ինչ էլ կատարվելու հավանականություն ունի,– ասաց Ուիլյամը:– Բայց միայն մի բան կա, որ կամ կատարվում է, կամ կատարվել է, կամ էլ կատարվելու վրա է: Վերջապես, Աստծու ողորմածությամբ, մեզ պարգև հասավ՝ հստակորոշ համոզմունք մի հարցում:
– Ո՞ր հարցում,– հետաքրքրվեցի ես հուսադրված:
– Ահա թե որ. Ուիլյամ Բասքերվիլցին ցարդ այն տպավորությունն էր կազմել իր մասին, թե հասկանում է ամեն ինչ, մինչդեռ ոչ մի պատկերացում չունի, թե ինչպես մուտք գործել Աֆրիկայի վերջավորություն: Դեպի ախոռ, Ադսոն, դեպի ախոռ:
– Իսկ եթե աբբահայրը տեսնի՞ մեզ:
– Ուրուներ կձևանանք:
Ինձ չէր թվում, թե դա իրագործելի լուծում էր, բայց ձայն չհանեցի: Ուիլյամն սկսել էր նյարդայնանալ: Մենք դուրս եկանք հյուսիսային մուտքից և անցանք գերեզմանատան միջով, իսկ ականջներիս տակ քամին էր ոռնում, և ես աղոթում էի Աստծուն, որ մեզ ազատեր իսկական ուրուների հանդիպելուց, քանզի այդ գիշեր աբբայությունում տվայտող ու խռով հոգիների պակաս չկար: Հասնելով ախոռի մոտ՝ լսեցինք, որ ձիերը նախկինից էլ անհանգիստ են մոլեգնած տարերքի պատճառով: Շինության գլխավոր մուտքի դիմաց մինչև մարդու կուրծքը հասնող բարձրության մետաղաշեն լայն վանդակացանց կար, որի վրայով կարելի էր տեսնել ներսը: Խավարի մեջ աղոտակի նշմարվում էին ձիերի ուրվագծերը, և ես ճանաչեցի Աշխետին, որովհետև առաջինն էր ձախից: Նրա աջ կողմում շարքի երրորդ ձին, զգալով մեր ներկայությունը, բարձրացրեց գլուխը և վրնջաց: Ես ժպտացի:
– Tertius equi,– եկավ լեզվիս:
– Ի՞նչ,– հարցրեց Ուիլյամը:
– Ոչինչ, խեղճ Սալվատորին հիշեցի: Մտքին դրել էր չգիտես, թե ինչ հմայություն անել այս ձիու վրա և իր լատիներենով նրան կոչում էր tertius equi, այսինքն՝ ու:
Ո՞ւ,– հարցրեց Ուիլյամը, որը հետևում էր իմ դատարկախոսությանը՝ առաձնակի ուշք չդարձնելով ասածներիս:
– Այո, օրինավոր լատիներենով tertius equi նշանակում է ոչ թե «երրորդ նժույգը», այլ «նժույգի երրորդը», ասել կուզի՝ «նժույգ» բառի երրորդ տառը, ուստի և ու: Բայց, լա՜վ, անմտություն է…
Ուիլյամը նայում էր ինձ, և մթան մեջ անգամ ես կարծես տեսնեի նրա դեմքի փոփոխությունը:
– Աստված օրհնի՜ քեզ, Ադսոն,– արտաբերեց նա:– Դե՛հ, իհարկե, suppositio materialis[1] է. ասվածը de dicto[2] ենք ընդունում, այլ ոչ de re[3]… Ի՜նչ բթամիտն եմ ես…– Նա բաց ափով այնպիսի ուժգին հարված հասցրեց ճակատին, որ ճայթոց լսվեց, և ես կարծեցի, թե կվատանա:– Տղա՜ս, այսօր երկրորդ անգամ է արդեն, որ քո շուրթերով իմաստությո՜ւնն է բարբառում, նախ՝ երազում, իսկ այժմ՝ հարթմնի: Վազիր, վազի՛ր խուցդ և լապտերը բեր, ավելի ճիշտ՝ մեր պահած երկու լապտերն էլ բեր: Տես, որ հանկարծ ո՜չ ոքի աչքին չընկնես, և շուտափույթ հասիր ինձ մո՛տ՝ եկեղեցի: Ոչինչ մի հարցրու, գնա՛:
Ես վազեցի առանց հարցուփորձի: Լապտերները ներքնակիս տակ էին, ձեթով լի, քանի որ նախօրոք արդեն հոգ էի տարել: Փարաջայիս ծալքերում էլ հրահան կար: Մեր թանկ զենքերը կրծքիս սեղմած՝ հետ սուրացի եկեղեցի:
Ուիլյամը, եռոտանու ներքո տեղավորված, Վենանցիուսի գրառումների մագաղաթն էր վերընթերցում:
– Ադսոն,– ասաց,– primum et septimum de quatuor[4] նշանակում է ոչ թե «չորսի՛ առաջինը և յոթերորդը», այլ «չորս»՝ quatuor բառի առաջին և յոթերորդ տառե՜րը:
Ես միանգամից չհասկացա, իսկ հետո միտքս փայլատակեց.
– Super thronos viginti quatuor[5]! Գրությո՜ւնը: Հայտնության տո՜ղը: Հայելու վերևում փորագրված խոսքե՜րը:
– Գնա՛նք,– ասաց Ուիլյամը,– միգուցե դեռ հասցնենք կյա՛նք փրկել:
– Ո՞ւմ կյանքը,– հարցրեցի ես, մինչ վարդապետս գանգերն էր տնտղում նշխարատան մուտքը բանալու նպատակով:
– Նրա, ով արժանի չէ,– պատասխանեց: Իսկ մենք արդեն ստորգետնյա անցարանում էինք, լապտերները լուցանած, դեպի խոհանոց տանող դռան ճանապարհին:
Ինչպես ասել եմ նախկինում, այդ փայտե դուռը հրելով՝ ուշքի էիր գալիս խոհարարոցում՝ բուխարու հետնակողմում, գրչատուն ելնող պտուտասանդուղքի ստորոտին: Եվ հենց դուռը հրելու պահին, մեզանից ձախ՝ պատի միջից, խուլ աղմուկ լսեցինք: Աղմուկը գալիս էր դռան կողքի պատից, որտեղ ավարտվում էր գանգերով ու ոսկորներով լի որմնախորշերի շարանը: Անդ, վերջին որմնախորշի փոխարեն, ստվար ու քառակուսի վեմերի զանգվածից բաղկացյալ ամբողջական պատ էր, մեջտեղում՝ փորածո կիսաջնջված դամբանագրով տապանաքար: Հարվածների այդ ձայնը լսվում էր կարծես տապանաքարի հետևից կամ գուցե և ավելի վերուստ՝ մասամբ պատի մյուս կողմից, մասամբ էլ համարյա մեր գլխավերևում:
Եթե մեզ նման բան պատահեր առաջին գիշերը, մտքովս իսկույն կանցներ, թե հանգուցյալ վանականներն են: Բայց ես արդեն ընտելացել էի վատթա՛րն սպասել ողջ վանականներից:
– Տեսնես ո՞վ կլինի,– ասացի:
Ուիլյամը բացեց դուռը, և մենք հայտնվեցինք բուխարու հետնակողմում: Հարվածները լսելի էին նաև պտուտասանդուղքին ընթեր պատի երկայնքով, կարծես ինչ-որ մեկը բանտարկված լիներ որմի կամ այն հաստաբեստ միջնաշերտի մեջ (արդարև հոծ), որ ենթադրաբար գոյություն ուներ խոհարարոցի ներքին և հարավային աշտարակի արտաքին պատերի միջև:
– Ինչ-որ մեկը փակված է ներսում,– ասաց Ուիլյամը:– Ինձ միշտ հետաքրքրում էր, թե Աֆրիկայի վերջավորությունը ուրիշ մուտք չունի՞ գաղտնուղիներով լի այս վանատանը: Փաստորեն ունի. նշխարատնից: Փոխանակ խոհարարոցով անդ ելնելու բացում են երեսապատի մի մասը և այս սանդուղքին զուգահեռ, պատի մեջ պահված մեկ այլ սանդուղքով բարձրանում ուղիղ որմնաշարած սենյակ:
– Բայց ո՞վ է հիմա ներսում:
– Երկրորդ անձը: Մեկը տեղում է՝ Աֆրիկայի վերջավորությունում, մյուսը ջանում է նրա մոտ հասնել, այնինչ նա, ով վերն է, արգելափակել է զույգ մուտքերի կառավարման սարքավորանքը: Այսպիսով, այցելուն ծուղակն է ընկել: Եվ պատեպատ է զարկում իրեն, որովհետև, ըստ երևույթին, սուղ օդ է թափանցում այդ աղիքախողովակը:
– Իսկ ո՞վ է: Փրկե՛նք:
– Քիչ հետո կիմանանք, թե ով է: Ինչ վերաբերում է փրկելուն, ապա դրա համար պետք է վերո՛ւստ հանել սարքավորանքի արգելափակումը, քանի որ վարուստ մենք անկարող ենք, գաղտնիքը չգիտենք: Ուրեմն հապշտապ բարձրանանք:
Այդպես էլ արեցինք. ելանք գրչատուն, իսկ անդուստ՝ լաբիրինթոս, և փութով հասանք հարավային աշտարակ: Ես ստիպված եղա ճիշտ երկու անգամ սանձել աճապարանքս, քանզի այդ երեկո պատերի բացվածքներից ներս փչող քամին այնպիսի հոսանքներ էր առաջացնում, որոնք, թափանցելով այս անցարանները, հեծեծագին շրջում էին սենյակներում, խշխշացնում սեղաններին ցանուցիր գրքերի էջերը, և ես հարկադրված էի դանդաղել կրակը ձեռքով պատսպարելու համար:
Կարճ ժամանակ անց մենք հայելավոր սենյակում էինք՝ աղավաղված արտացոլանքի վերահաս խաղին արդեն ընտել: Բարձրացրեցինք լապտերները՝ ջահելով հայելու շրջանակը պսակող գրությունը. Super thronos viginti quatuor… Գաղտնիքը բացահայտված էր. quatuor բառը յոթ տառ ուներ, անհրաժեշտ էր սեղմել q-ն և r-ը: Ոգևորությունից մտքովս անցավ, որ ե՛ս դա անեմ. լապտերս հապճեպ սենյակի կենտրոնի սեղանին զետեղելիս ընդոստ շարժում արեցի, բոցը, երերալով, լիզեց անդ դրված գրքի կազմը:
– Զգո՛ւյշ, խելառ,– բացականչեց Ուիլյամը և փչելով մարեց կրակը:– Ուզում ես հրդեհի՞ մատնել գրադարանը:
Ես ներում հայցեցի և անցա ճրագը նորից վառելու գործին:
– Լավ, էական չէ,– ասաց Ուիլյամը,– իմը բավական է: Վերցրու և լույս արա, որովհետև գրությունն ահագին բարձր է, դու չես հասնի: Շտապենք:
– Իսկ եթե ներսի մարդը զինված լինի՞,– հարցրեցի ես, քանի դեռ Ուիլյամը, գրեթե խարխափելով, ճակատագրական տառերն էր փնտրում՝ որքան էլ որ երկայնահասակ էր, ոտնաթաթերին կանգնած, Հայտնության այդ տողը շոշափելու համար:
– Լո՛ւյս արա, գրո՛ղը տանի, և մի՛ վախեցիր, Աստված մեզ հետ է,– պատասխանեց նա ինձ բավական կցկտուր կերպով:
Ուիլյամի մատները գտել էին quatuor բառի q-ն, և ես, որ կանգնած էի մի քանի քայլ հեռու, ավելի լավ էի տեսնում, թե նա ինչ էր անում: Ինչպես ասել եմ արդեն, լաբիրինթոսի գրությունները թվում էին քանդակուն կամ փորագիր, իսկ quatuor-ի տառերն ակներևորեն մետաղյա դարիճակներով էին, որոնց տակ մի հրաշազան սարվածք էր տեղադրած ու ներորմած: Ձգելուն պես q-ն չոր չթթոցի պես ձայն հանեց, և նույնը կատարվեց, երբ Ուիլյամն անցավ r-ին: Հայելու ամբողջ շրջանակն ասես առաջ ոստնեց, իսկ ապակե մակերևույթը, առանձնանալով, մնաց հետևում: Հայելին ձախ կողմից ծխնևոր դուռ էր: Ուիլյամը ձեռքը մտցրեց հայելու աջ եզրի և պատի միջև գոյացած արանքը և այդ եզրը քաշեց իր կողմը: Դուռը ճռնչալով բացվեց մեր առաջ: Ուիլյամը ներս սահեց, ես էլ սպրդեցի կրնկակոխ՝ ճրագը գլխիցս վեր պահած:
Հանգստյան ժամերգությունից երկու ժամ անց՝ վեցերորդ օրվա ավարտին, գիշերվա սրտում, որ պիտի ծնունդ տար յոթերորդ օրվան, մենք մտանք Աֆրիկայի վերջավորություն:



[1]  Առարկայական փոխարինություն (լատ.): Այս, ինչպես և հա­ջորդ եր­կու արտահայտությունները, առնչվում են նո­մինալիստ փիլիսոփա Ուիլյամ Օքամցու տրամաբանության ուսմունքին (նրա մասին տե՛ս էջ 731):

[2]  Խոսքի առմամբ (լատ.):

[3]  Իրի առմամբ (լատ.):

[4]  Տե՛ս էջ 616-ի տողատակի ծանոթագրությունը:

[5]  Տե՛ս էջ 244-ի տողատակի ծանոթագրությունը:


Ումբերտո Էկո «Վարդի անունը»
Թարգմանությունն իտալերենից, մեկնություններն ու ծանոթագրությունները՝ Զավեն Բոյաջյանի  

Գրքի մասին ավելին՝ այստեղ
Գրքի էջը ֆեյսբուքում հավանեք այստեղ

Комментарии