«Ինձ տղամարդկությո՜ւն շնորհեք: Անվա՜խ դարձրեք: Ուժե՜ղ: Լիարժե՜ք: Հերի՛ք է անուշիկ հրեա տղա լինեմ…»/հատված Ֆիլիպ Ռոթի «Պորտնոյի ցավը» վեպից

 «Բժիշկ, էս մարդիկ աներևակայելի՜ են: Անհավատալի՜: Երկուսն էլ մեղքի զգացում են արտադրում ու փաթեթավորում, դրա վարպե՜տն են: Հալում են, հանում ինձնից, ոնց որ ճարպը՝ հավից: «Կզանգես, Ալեքս: Կգաս, Ալեքս: Ալեքս, տեղյակ կպահես: Ա՛յ, էլի առանց մեզ ասելու տեղ չգնաս: Վերջին անգամ, որ սուսուփուս գնացել էիր, քիչ էր մնում հայրդ արդեն ոստիկանությանը դիմեր: Գիտե՞ս օրական քանի անգամ էր զանգել քեզ ու անպատասխան մնացել: Դե գուշակիր՝ քանի՞»: «Մայրիկ,- հայտնում եմ նրան ատամներիս արանքից,- եթե շունչս փչեմ, յոթանասուներկու ժամից հոտ կընկնի, հավատա՛»: «Էդպես չխոսե՛ս: Աստված հեռո՜ւ տանի»,- լացը դնում է նա: Է՛հ, արդեն անվրեպ հաղթաթուղթն է մեջ գցում, որի զորությունը երաշխավորված է: Դե էլ ի՞նչ  սպասեի: Հո անհնարինը չէի՞ պահանջի հարազատ մորից: «Ալեքս, հեռախոսը վերցնել զանգելը հասարակ բան է, ախր մեզ ինչքա՞ն է մնացել, որ գլուխդ տանենք»:


    Բժիշկ Շպիլֆոգել, էս է իմ կյանքը, իմ միա՜կ կյանքը, ու ես ապրում եմ ճի՛շտ հրեական անեկդոտի մեջ: Հա, հրեական անեկդոտի միջի որդին եմ, մենակ թե սա անեկդոտ չի, էլի՛: Կասե՞ք ով է մեզ էս այլանդակ օրը գցել: Ո՞վ է էսքան հիվանդ, հիստերիկ ու տխեղծ սարքել: Ինչո՞ւ, ինչո՞ւ են մինչև հիմա գոռում՝ «Զգո՛ւյշ մնա: Չանե՛ս: Ալեքս, չէ՛», և ինչո՞ւ եմ մինչև հիմա Նյու Յորքի իմ տանը պառկած բանս ճմռում անհույս: Բժիշկ, ի՞նչ անուն կտաք իմ հիվանդությանը: Չլինի՞ միշտ էդքան լսածս հրեական տառապանքն է: Ջարդերից ու հալածանքների՞ց է ինձ բաժին հասել, երկու հազար քաղցր տարի գոյերի պարգևած ծաղրուծանակից ու թուքումուրի՞ց:  Է՜հ, իմ գաղտնիքնե՜րը, ամո՜թը, սրտխփո՜ցը, կարմրե՜լը, քրտնե՜լը: Մարդու կյանքի ամենահասարակ փոփոխություններին արձագանքելու ձև՜ը: Բժիշկ, էլ չե՜մ դիմանում իզուր տեղը էսքան վախենալուն: Ինձ տղամարդկությո՜ւն շնորհեք: Անվա՜խ դարձրեք: Ուժե՜ղ: Լիարժե՜ք: Հերի՛ք է անուշիկ հրեա տղա լինեմ, որ բոլորի առաջ ծնողների սրտով է գնում, իսկ առանձին մնալիս պլոր-շլո՜րը քաշքշում: Հերի՜ք է»:



Ֆիլիպ Ռոթ «Պորտնոյի ցավը»
Անգլերենից թարգմանեց և ծանոթագրեց Զավեն Բոյաջյանը
«Արգելված գրքեր» մատենաշար

Комментарии