Սիմոն քեռին / հատված Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպից


Սիմոն քեռին / հատված Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպից

Երբ տեղը նոր է, ու դեռևս վարժված չես, ժամանակն ավելի շուտ է հոսում: Բայց վաղուց ծանոթ կահ-կարասիների միջև, նույն դարակները պրպտելով, նույն վերմակով ծածկվելով ու նույն բազկաթոռի մեջ բազմելով` ժամերը քեզ ավելի երկար են թվում: «Ժամացույցները հնարված են ժամանակին տիրելու անկարողութենեն,– ասում էր Սիմոն քեռին` բակի բազմոցի վրա փափուկ բարձերի մեջ ընկղմվելով և աչքերը երանությամբ փակելով:– Զենքերու նման, որոնք անճարության և ոչ թե ուժի նշան են»: Ժամեր շարունակ մնում էր նստած` բակին նայելով: Քիչ էր խոսում ու որոշակի դժգոհությամբ: Մեջը հոգնություն կար, որ չէր հաջողում վերացնել, նույնիսկ հետճաշյա այն օրերին, երբ մնում էր անշարժ, աչքերը կկոցած ու սուրճն ըմպելով:



Սիմոն քեռին Սահակ քեռայրի մեծ եղբայրն էր: 1946-ին հայրենադարձների առաջին խմբի հետ Հայաստան էր գնացել: Հայրենադարձության պատմությունը ոչ մի տեղ չեք գտնի, որովհետև ոչ ոք այդ մասին մինչև վերջ չուզեց նույնիսկ խոսել, ուր մնաց` գրել, ամբողջ սարսափով հանդերձ: Եվ գուցե Շշուկների մատյանում էլ տեղ չգտներ, եթե Սիմոն քեռին շատ ծխելու մոլուցք չունենար: Այդպիսի գլանակներ ես չէի տեսել: Կեսը լցված էր կծվահոտ թութունով, որը թոշնած տերևի նման լխկվում էր դեղնավուն ծխից, իսկ մյուս կեսը ծխից դեղնող խավաքարտե դատարկ խողովակ էր:
Դայդայ Սիմոնը, ինչպես նրան երեխաներս էինք հայերեն անվանում, անընդհատ ծխում էր և երբ չէր լռում, տարօրինակ բաներ էր ասում: Ինչպես մանկությանս տարիների բոլոր ծերունիները, Կարապետ մեծ հայրս նույնպես թեթև եթերային բաներով էր հմայված` օդով և լույսով: «Ի՜նչ մեղք, որ մարդիկ չեն կրնար լույսը տեսնել այնպես, ինչպես որ է իրականին մեջ և օդը լսել իր եղանակներով`առանց ստիպված ըլլալու զանոնք քանդել, ցրել, գրգռել կամ խեղդել: Երբ օդը կերգե` խողովակներու, ձագարներու կամ ծակերու մեջեն փչելով, չի նշանակեր, որ ձայն մը կստեղծվի, այլ ձայները բարակցած և ուժով կլսվին: Դժբախտաբար, մարդիկ համբերություն չունին օդը իր հանդարտ ձևով հասկնալու»: Մեծ հայրս չլսվող ձայներն էր լսում: Սահակ քեռայրը հրապուրված էր այն բաներով, որոնք կատարվում են կամ` ոչ: Զառեր էր սիրում: Խաղում էր թավլու կամ գյուլբահար, ափերի մեջ կամ ափով ծածկված բաժակներում, կամ նախ վեր նետելով` խառնելու հազար ու մի ձև էր գտնում, որպեսզի մարդկային ոչ մի ներգործություն հնարավոր չլիներ: Այսպիսով, Սահակ քեռայրն անհանգիստ մեկն էր ու տրամադրված պատկերացնելու կամ ընդունելու ինչ-որ մտացածին բան, ինչ-որ դավադրություն, գաղտնի ու խճճված ծրագրեր: Նրա համար ամեն ինչ հնարավոր էր: Յուրաքանչյուր մարդ գլորվող մի զառ է: Աշխարհը խառնվող ու հետո սկուտեղի վրա գլորվող միլիոնավոր ու միլիոնավոր զառերից է բաղկացած: Մեծ ու փոքր, կենտ կամ զույգ թվերով:
Փոխարենը, Սիմոն քեռին հրապուրված չէր ոչ եթերային, ոչ էլ կասկածելի բաներով: Նա խոսում էր հաստատ և անկասկած բաների մասին: Օրինակ` հողի և քարերի մասին: Հողը կենդանի մասն էր, իսկ քարը` մեռյալ, գոնե երևութապես` այնպես, ինչպես ոսկորները մարմնի մեջ: Մեծ հայրս դեպի երկինք էր նայում ու ժամկոչ Արշակի վրա խնդում, ով դեպի վեր նայելով, թռչունների բարձրության վրա էր կանգ առնում: Սիմոն քեռին դեպի ներքև էր նայում: «Աս գիշեր տեսիլ մը ունեցա,– ասում էր զարթնելով:– Դեպի երկիրին կետրոնը նայեցա: Երկինքին պես լուսավորված էր»:
Երեխա ժամանակ Սիմոն քեռին ջուր որոնող էր եղել: Անատոլիայում հողերն անբերրի էին, ու հազվադեպ էր անձրև գալիս` խոշոր, ուժգին տեղացող կաթիլներով: Անձրևը հազիվ բավարարում էր հողի ծարավը հագեցնելուն, ուր մնաց` մարդկանց: Ուստի լուծում որոնելիս մարդիկ ոչ թե դեպի երկինք էին նայում, այլ դեպի գետին: Թաքնված գանձեր որոնողները փաստորեն ջուր որոնողներ էին: Ոմանք կախարդներ էին ու խոր ակունքները գտնելու համար ամեն տեսակի արտառոց բաներ էին անում: Ծծմբի կրակներ էին պահում, թմբուկների վրա ձգված կաշվին էին զարկում, հին` արամեական կամ եգիպտական խառը բառեր էին մռթմռթում: Ոմանք էլ պարզապես խաբեբա էին: Հյուրասիրվում էին արքայավայել ճաշերով, ապա տեղն էին ցույց տալիս, և երբ գյուղացիներն սկսում էին փորել, փախչում էին` հետևում թողնելով քարին խփվող բահերի զրնգուն ձայնը: Կային նաև նշաններ կարդացողներ: Խոտի տեսակներից ու աճելու ձևից, հողի գույնից ու ճաքելու կամ լերդանալու ձևից, էշերի կամ ուղտերի քայլվածքից: Երբեմն ճիշտ էին գուշակում, երբեմն` սխալվում էին: Ջուրը երբեմն անուշ էր, երբեմն` աղի, միայն մոխրաջրի համար պետքական:
Սիմոն քեռին հողի համով էր առաջնորդվում: Քայլում էր դանդաղ, գլուխը դեպի ներքև, կարծես հողը ջրի նման թափանցիկ էր: Հետո ականջը գետնին դրած` ունկնդրում էր: Վերջապես, երբ տեսողությունն ու լսողությունը մղում էին, մատներով ճանկռտում էր: Երբ փափուկ հողի էր հանդիպում, դնում էր լեզվի ծայրին և աչքերը փակ` բերանում պտտեցնում: Սկզբում մարդիկ թերահավատորեն էին նայում այդ տարօրինակ երեխային, որը հողը գազանի նման հոտոտում էր, շոյումփայփայում, խոսում էր նրա հետ ու ծամում, կարծես ցորնաբլիթ լիներ: Հետո տեսան, որ հազվադեպ էր սխալվում ու հեռվից գալիս էին ծնողներից խնդրելու, որ նա ջրի ճամփան ցույց տա:
Կան լավ տեղեր ու վատ տեղեր, ասում էր Սիմոն քեռին: Աշխարհի նման ու մարդկանց նման հողն էլ ամենուրեք նույնը չէ: Բերրի է կամ անհամ, թաց կամ չոր, ողջ կամ մեռած: Կա աման կամ զանգ շինելու համար հարմար կպչուն հող կամ անօգուտ հող, որը մատների մեջ փշրվում ու չի կպչում: Տների համար հող, ակոսների համար հող, ծաղիկների համար հող, ճամփաների համար հող և հող` թաղման համար: Այնտեղ, ուր հողն անհանգիստ է ու տանջված, վրայի շերտը հանգիստ է: Այսպես լինում է, օրինակ, գերեզմանոցներում, որտեղ հողը տնքում է, բայց վրայի օդը հանգիստ է:


1946-ին Սիմոն քեռին իր կնոջ ու երկու աղջիկների` Արփինեի ու Հերմինեի հետ հաստատվեցին Սովետական Հայաստանում: «Շատ քար կա հոն»,– հառաչում էր: Այստեղ հայրենիքին կարոտում էր, բայց հողը սիրում էր: Հայաստանում հայրենիքը վերագտել էր, բայց կարոտել էր Ռումինիայի հողին, որի հետ վարժվել էր խոսել

Ռումիներենից թարգմանեց Սարգիս Սելյանը

Գիրքը ձեռք բերեք այստեղ

Комментарии