«…չէր էլ զարմացել, երբ հասել էր իշխանություն չունենալով՝ իշխելու, փառք չունենալով՝ փառաբանվելու, հեղինակություն չունենալով՝ իրեն ենթարկելու ամոթալի կեղծիքին»/Գ Գարսիա Մարկես «Նահապետի աշունը»


«…չէր էլ զարմացել, երբ հասել էր իշխանություն չունենալով՝ իշխելու, փառք չունենալով՝ փառաբանվելու, հեղինակություն չունենալով՝ իրեն ենթարկելու ամոթալի կեղծիքին»/Գ Գարսիա Մարկես  «Նահապետի աշունը»


«…սիրելու իր անկարողության մասին նա իմացել էր իր մունջ ձեռնափերի առեղծվածից և խաղաքարտերի անտեսանելի նշաններից և փորձել էր այդ նվաստ ճակատագիրը փոխհատուցել իշխանատենչության մարդախույս արատի կրքոտ պաշտամունքով, դարձել իր աղանդի զոհը, որպեսզի ինքնակամ այրվեր այդ անվերջանալի ողջակիզման բոցերի մեջ, իրեն սնել էր կեղծիքներով ու ոճիրներով, հասունացել սրբապղծության ու անարգանքի մեջ և հաղթահարել իր տենդագին ագահությունն ու բնածին վախը զուտ հանուն այն բանի, որ մինչև ժամանակների վերջը պահպանի բռունցքի մեջ սեղմած իր ապակե գնդիկը՝ չիմանալով, որ դա մի արատ է, որ սահման չունի, որի ախորժակը ուտելիս է բացվում մինչև բոլո՛ր ժամանակների վերջը, իմ գեներալ. ի սկզբանե նա իմացել էր, որ իրեն խաբում են հաճոյանալու համար, որ վճարվում են քծնելու դիմաց, որ զենքի ուժով են հավաքագրում ցնծագին կոչերով և «Հավերժական կյանք հնագույն հրաշափառին» ծախու պաստառներով իրեն դիմավորող հոծ բազմություններին, բայց սովորեց ապրել այս ստերով և փառքի բոլոր ճղճիմություններով՝ իր կյանքի անհաշիվ տարիների ընթացքում շարունակ բացահայտելով, որ սուտն ավելի հարմար է, քան կասկածը, ավելի օգտակար, քան սերը, ավելի տևական, քան ճշմարտությունը, չէր էլ զարմացել, երբ հասել էր իշխանություն չունենալով՝ իշխելու, փառք չունենալով՝ փառաբանվելու, հեղինակություն չունենալով՝ իրեն ենթարկելու ամոթալի կեղծիքին, երբ իր աշնան դեղին տերևների շրջապտույտում համոզվել էր, որ երբեք իր իշխանության լիիրավ տերը չէր լինելու, որ դատապարտված էր կյանքը ճանաչելու հակառակ կողմից, դատապարտված էր վերծանելու իրականության ցանկալի գոբելենի կարերը և շտկելու հենքի հանգույցներն ու հյուսվածքի թելերը, մեծ ուշացումով անգամ չկասկածելով, որ միակ ապրվող կյանքը բոլորին տեսանելի կյանքն է. այն կյանքը, որ մենք տեսնում էինք այս մյուս կողմից, որը Ձերը չէր, իմ գեներալ, ընչազուրկների կողմից, որտեղ մեր անթիվ անբախտ տարիների դեղին տերևների շրջապտույտն էր և երջանկության անորսալի պահերը, որտեղ մահվան ծիլերը թունավորում էին սերը, բայց դա իսկական սեր էր, իմ գեներալ, որտեղ Դուք ինքներդ ընդամենը գնացքի պատուհանիկի փոշոտ վարագույրների միջից ծիկրակող խղճալի աչքերով անիրական մի տեսիլք էիք, ընդամենը լռակյաց շուրթերի դող, մոլորյալ մի ծերուկի անտեր ձեռքի ատլասե ձեռնոցի թռուցիկ հրաժեշտի նշան, որ այդպես էլ չիմացանք ով էր, ինչ էր, ինչպիսին էր, թե՞ պարզապես երևակայության կեղծ պատրանք էր, անհեթեթ մի բռնակալ, որ երբեք չիմացավ որտեղ է այս կյանքի թարսն ու շիտակը, կյանք, որ մենք սիրում էինք մի անհագ կրքով, որը Դուք նույնիսկ պատկերացնել չհամարձակվեցիք՝ վախենալով իմանալ մի բան, ինչը մենք քաջ գիտեինք՝ այն, որ կյանքը բարդ է և շատ վաղանցիկ, բայց ուրիշը չկա, գեներալ, քանզի գիտեինք, թե ովքեր ենք մենք, իսկ նա առհավետ անտեղյակ մնաց՝ մահվան մի հարվածից արմատախիլ եղած մեղմ սվսվացող քավթառ մեռելի իր փոշտանկով հանդերձ, իր աշնան վերջին պաղ տերևների մութ շրշյունի միջով սուրալով դեպի ճշմարտության մոռացումի խավար երկիրը, վախից կառչած մահվան փարաջայի ծվեն-ծվեն հոտած քրջերից և անհաղորդ մոլեգնած ամբոխների աղմուկ-աղաղակին, որ փողոց էին նետվում նրա մահվան ցնծալի լուրն ավետող ցնծագին օրհներգեր երգելով, առհավետ անհաղորդ ազատության շեփորներին, հրճվալից հրավառությանն ու զանգերի երանելի ղողանջին, որ բարի ավետիս էին հայտնում աշխարհին, թե հավերժության անհաշվելի ժամանակը վերջապես սպառվեց»:


Իսպաներենից թարգմանեց Կառա Չոբանյանը
Խմբագիր` Զավեն Բոյաջյան
Առաջաբանը՝ Վահրամ Դանիելյանի


Գրքին ծանոթացեք այստեղ
Գրքի ֆեյսբուքյան էջը հավանեք այստեղ

Комментарии