«Հյուրանոցներ և ուտելիք․ թափառում եմ բորոտի պես, խեցգետիննները ստամոքսս են ճանկռտում»/ հատված Հենրի Միլերի «Խեցգետնի արևադարձը» վեպից


«Հյուրանոցներ և ուտելիք․ թափառում եմ բորոտի պես, խեցգետիննները ստամոքսս են ճանկռտում»/հատված


«Կիրակի՜ է։ Կեսօրից քիչ առաջ դուրս եկա Բորգեզե վիլլայից, երբ Բորիսն ուր որ է պիտի նախաճաշի նստեր։ Նրբանկատությունից հեռացա, որովհետև Բորիսը, իրոք, ցավով է նայում ինձ, որ դատարկ ստամոքսով նստած եմ արվեստանոցում։ Չգիտեմ՝ ինչու ինձ չի հրավիրում հետը նախաճաշել։ Ասում է՝ գրպանը թույլ չի տալիս, բայց դա արդարացում չի։ Ինչևէ, աշխատում եմ նրբանկատ լինել։ Եթե նեղվում է իմ ներկայությամբ մենակ ուտելուց, երևի ավելի կնեղվի, եթե ինձ սեղանակից դարձնի։ Չեմ ուզում քիթս խոթել նրա գաղտնիքների մեջ։
Քրոնստադտների մոտ մտա, նրանք էլ էին ուտում։ Ճուտ էր ջրորիզով։ Ձևացրի, թե արդեն նախաճաշել եմ, բայց որ ինձ մնար, նրանց փոքրիկի ձեռքից պատառը կխլեի։ Կեղծ համեստությունից չեմ էսպես իմ կարծիքով ինչ-որ շեղում է։ Երկու անգամ առաջարկեցին իրենց միանալ։ Չէ, չէ։ Նույնիսկ մի բաժակ սուրճից հրաժարվեցի։ Շատ նրբանկատ եմ, շա՜տ։ Դուրս գալիս մի երկար հայացք գցեցի փոքրիկի ափսեին ոսկորների վրա դեռ միս կար։
Աննպատակ թրև եմ գալիս։ Չքնաղ օր է դեռևս։ Բյուսի փողոցը աշխույժ է, խլրտուն։ Բարերի դռները լայն բաց են, իսկ մայթեզրերին շարվեշար հեծանիվներ են կանգնած։ Մսի և բանջարեղենի բոլոր շուկաներում եռուզեռ է։ Թերթերի մեջ փաթաթված բանջարեղենով ծանրաբեռ ձեռքեր։ Իսկ և իսկ կաթոլիկական կիրակի, համենայն դեպս՝ առավոտյան։
Կեսօր է, իսկ ես, փորս դատարակ, կանգնած եմ էս ծուռումուռ փողոցների խաչմերուկում, որոնցից ուտելիքի հոտ է տարածվում։ Դիմացս «Լուիզիանա» հյուրանոցն է, մի մռայլ, հնամյա իջևանատեղ, որ Բյուսի փողոցի վատ տղերքին քաջ հայտնի էր հին, լավ ժամանակներում։ Հյուրանոցներ և ուտելիք թափառում եմ բորոտի պես, խեցգետիննները ստամոքսս են ճանկռտում։ Կիրակի առավոտյան փողոցները տենդով են բռնված։ Ոչ մի տեղ նման բան չկա, բացի երևի նյույորքյան Իսթ Սայդից կամ Չաթեմ Սքուերից։
ԼԷշիդե փողոցը եռում է։ Ոլոր-մոլոր ուղիների ամեն անկյունում մի նոր թոհուբոհ է։ Դեսուդեն վխտացող շարան-շարան մարդիկ՝ բանջարեղենը թևատակերին և ղրճղրճան ախորժակի փայլը՝ աչքերում։ Միայն ուտելիք, ուտելիք, ուտելիք, ուրիշ ոչինչ։ Ցնորվում ես։
Անցնում եմ Ֆյուրսթենգերգի հրապարակով։ Հիմա՝ կեսօրին, այլ տեսք ունի։ Վերջերս երբ գիշերն անցա, ամայի էր, տրտում, տեսլային։ Հրապարակի մեջտեղում չորս սև ծառ կան, որ դեռ չեն բողբոջել։ Սալաքարերից աճած ինտելեկտուալ ծառեր են։ Թ> Ս Էլիոթի բանաստեղծությունների պես։ Արևս վկա, եթե Մարի Լորանսենն իր լեսբուհիներին դուրս բերեր, սա իսկը նրանց շփվելու վայրը կլիներ։ Très lesbienne ici. Անպտուղ, անսեռ, Բորիսի սրտի նման չորացած»։
_______________
Très lesbienne ici.- Շատ լեսբիական տեղ է (ֆրանս)։
Հենրի Միլեր, «Խեցգետնի արևադարձը»
Թարգմանությունն անգլերենից և ծանոթագրությունները՝ Զավեն Բոյաջյանի 



Комментарии