Գևորգ Համբարձումյան «մեռնել փոքր քաղաքում»

մեռնել փոքր քաղաքում

ապրելուց քաղցր է
մեռնել քեզ համար -
և նամանավանդ առավել դյուրին

փոքր քաղաքի մարդիկ
հաճախ մտածում են մահվան մասին
սակայն անկարող են հավատալ
որ դա այնքան հեշտ է.
նրանք այնպես սովոր են
դժվարություններին

փոքր քաղաքի մարդիկ
վանում են մահվան մասին մտքերն իբրև
անհնար մի բան
ինչպես ես վանում եմ մտքերս
քո մասին

ապրելուց հեշտ է
մեռնել քեզ համար -
ես սուրճը դառն եմ խմում
և քաղցրությունն ինձ համար
միևնույն է

եթե միայն իմանայիր
եթե միայն պատմեին քեզ
թե որքան հեշտ են ընկնում
մանկության հերոսները
թե որքան հեշտ եմ մեռնում ես
ամեն առավոտյան՝ առանց հերոսանալու
գուցե հասկանայիր
որ ապրել այսպես ես չեմ կարողանում
այլ միայն մեռնել քեզ համար

ու մեռնում եմ։

եթե միայն իմանայիր
եթե միայն պատմեին քեզ
գուցե գայիր մի օր առավոտյան
սուրճի բույրով
առաստաղից ձգված պարանը
կտրելու

***
թղթե նավակներ
       
ձկնիկի պես
անվերջ լող տալ
փորձելով հաղթահարել
ակվարիումի պատերից անդրադարձող
տարածությունը

չեմ կարող ավելին պատմել քեզ
ժամանակի մասին
քանզի քայլերս կարկատած փողոցներին
այնպես ծանր են
շնչում

մնում է
թղթե նավակներ բաց թողնել
ջրափոսերին
սպասել ու տեսնել կործանումը
նրանց

հանիր ինձ այստեղից
որովհետև այնպես հոգնել եմ
հաղթահարել
սեփական ակվարիումի անվերջ փոքրացող
տարածությունը

ճչա ինձ
քանզի քայլերս փողոցի վերքերի մեջ
այնպես ծանր են
խրվում

մնում է
փչել բառերը, որ
թղթե նավակների պես
խեղդվում են
ջրափոսում


***

ռուլետկա

ապրել որ պատահական մի օր
հարբած վարորդն անիվների տակ առնի
մարմինդ
(փողոցներում անվերջ փնտրել
նրա համարանիշները)
ու մեռնել ամեն առավոտյան
զարթուցիչի ամեն զանգի հետ

ամեն քայլափոխի հանդիպել
սեփական արյանդ
կաթիլներին
առավոտյան` լոգասենյակում սափրվելիս
հետո գիշերը՝ անկողնու մեջ
հետո երկար փողոցներում

դուք ինձ հիշո՞ւմ եք
ես այստեղ մեռել եմ

ապրել ինչպես Կեսարը՝ թիկունքը բաց՝
սպասելով անհաշիվ Բրուտոսներից
մեկին

առավոտն ածելի է
երեկոն՝ պարան

կա՞ արդյոք ավելի կատարյալ մի բան քան
ոչինչը
ես դեպի ոչինչն եմ գնում

***

պարտություն


ես այսօր կգրեմ պարտության մասին
քանզի հաղթանակներն այլևս անհնար են

հաջողակները չեն կարդա այս տողերը
նրանց հաջողության թրեյնիգներում
ոչինչ չկա այս մասին

ես չեմ ուզում լինել հաջողակ
(
երևի չեմ կարող
այլևս)
որովհետև այսպես ավելի մոտ եմ
մահվանը
և ուրեմն կյանքին

սրանից հազարավոր տարիներ առաջ
զորքի առաջ գլխատվում էին հրամանատարները
հիմա պաշտոնանկ են արվում նախագահները
բայց պարտությունը նույն կարմիր գույնն ունի

սրանից տարիներ առաջ
մեզ այրում էին խարույկի վրա
հիմա մեր տողերը կորսվում են նյուզֆիդերում
բայց մեր պարտությունը նույն դառնությունն ունի

դեպի հերթական առավոտ-պարտությունդ
տանող ճամփան՝
գիշերը,
դեպի վերջնական պարտությունդ
ձգվող ճամփան՝
կյանքը,
ապրել պարտությունների
շարունակական հերթափոխում,
չդրամատիզացնել
և չգրել այդ մասին բանաստեղծություն
քանզի գրելն արդեն
կրկն-ա-պարտություն է

զին-ա-պարտության մասին օրենքը
փոքրիկ տղաներին ավետում է
հաղթանակների անգոյությունը

և դու փոքրիկ թիթեռ
նա քեզ կորսա դպրոցից - համալսարան
տանող վազքում

....
իսկական զինվորները երբեք չեն լինում հաղթանակած
սա շախմատի տախտակ չի ընկերս
աչքերդ բաց արա....

ես այսօր կգրեմ պարտության մասին
քանզի քիչ բան է մնացել գրելու
և քանզի այսպես ավելի մոտ եմ
մահվանը
և ուրեմն կյանքին


***

Գրադարանում


զգում
եմ նեղահոտը
մեռած գրողների դիերի
(
դիեր են նույնիսկ եթե ողջ են)
իրենց դագաղներից աղեկտուր
ձայնում են
կարդա ինձ
սա ես եմ
իմ գրականությունը
իմ գիրքը
իմ եսը
եսը
եսը
եսը
եսը

գրականությունը՝ եսերի անչափ
տարածություն
ու եսերը կանչում են ընթերցողին
ու եսերը քծնում են ընթերցողին
եսերը ստորանում են նրա առաջ
նրա համար իմիջներ ստեղծում
(
ինչպես փոքրիկին դուր գալու խաղալիքներ)
եսազատվում,
եսաստեղծում ու
եսերը հաջողում են մի կարճ վայրկյան
հետո անխուսափելիորեն պարտվում

գրադարան-գերեզմանոցում
դիերի նեխահոտ արձակող
շարքերի միջով
ես անցնում եմ ամենևին ուշք չդարձնելով
նրանց խլրտոցներին
և առանց նվազագույն խղճի խայթի
հանդարտ տեղավորվում եմ աթոռին
լիաթոք ծիծաղում
ու գրում
իմ ամենա-ան-ես բանաստեղծությունը

և անխուսափելիորեն պարտվում

Գրքի  ֆեյսբուքյան էջին միացեք այստեղ

Комментарии