Ի՞նչ կարդալ հուսահատության ժամերին. առաջարկում ենք 13 գիրք

Կյանքում լինում են ժամեր, օրեր, երբ հուսահատությունը խեղդում է մեզ: Այն գալիս է հասկանալի կամ էլ անբացատրելի ճանապարհներով: Մեզնից շատերը թաքցնում են այդ վիճակը`գտնելով, որ միայնակ կպայքարեն և կազատվեն դրանից, ոմանք հանդիպում են մտերիմներին, որպեսզի նրանց հետ միասին հաղթահարեն, ոմանք էլ այնքան զբաղված են լինում, որ  չեն էլ հասցնում նկատել... 
Իսկ հուսահատությունը բոլորին է այցելում, ու այդ անցանկալի ալիքին դիմակայելու համար շատ կարևոր է անձի կուտակած կենսափորձը, աշխարհայացքը, շրջապատող մարդկանց վերաբերմունքը... Իսկ ինչը, եթե ոչ լավ սյուժեով, մոտիվացնող գիրքը կարող է մեզ համար կենսափորձ ապահովել, իսկ ով, եթե ոչ այդ նույն լավ ու մոտիվացնող գրքի հերոսը, կարող է մեզ «փոխանցել» իր աշխարհայացքը, և ի վերջո, այդ նույն վեպում այնքան դրական մարդկանց ու օրինակելի քայլերի կհանդիպենք, որոնք էլ  աննկատ, բայց ջերմեռանդորեն մեզ կհրեն դեպի մեր նպատակները, նոր ուժ կտան մեզ ու կօգնեն վերագտնել կյանքի հունը՝ ակամայից դուրս բերելով հուսահատ վիճակից:
Եվ, ուրեմն 13 գիրք, որ կօգնեն դուրս գալ հուսահատ վիճակից

Ալեն-Ֆուրնիե «Երկար Մոլնը»
Վեպը կառուցված է գրողի անմիջական տպավորությունների և հիշողությունների կենսական նյութի վրա: «Երկար Մոլնը» վեպ է իդեալի և այն իրագործելու կամքի մասին, երազանքի ուժի մասին, որ ակտիվորեն ընթացք է տալիս կյանքին:

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Սոֆի Ավագյանի
Հրատարակչությունը՝ «Անտարես», 2013

Ֆերդինանդ Բորդևայք «Խառնվածք»
Վեպի հերոսը Ռոթերդամի աղքատ թաղամասերում մեծացած պատանի Կատադրոյֆեն է: Ինքնակրթությամբ և կամքի ահռելի ուժով նա փորձում է հասարակության ամենաստորին խավից բարձրանալ իրավաբանների ու գործարարների բարձր հասարակություն : Առանց հոր մեծացած երիտասարդը սառը, գրեթե թշնամական հարաբերություն ունի մոր հետ: Բայց շուտով նա նաև բացահայտում է հորը՝ դատական կատարածու Դրեյվերհավենին, ով իր դաժանությամբ հայտնի է ողջ քաղաքին: Հայրը, պարզվում է, նաև իր պարտապանն է, ով ամեն գնով փորձում է որդուն սնանկության հասցնել և կործանել...

Հոլանդերենից թարգմանեց Վաչագան Ղռաթյանը
Հրատարակչությունը
` «Անտարես», 2017

Ռոբերտ Վալզեր «Զբոսանք»
Ռոբերտ Վալզերի «Զբոսանք» կենսապատումը աշխարհի սիրով լցված կենսահաստատ զգացողության մասին է, բայց նաև մարդկային կյանքի ուղու, բնության տոնահանդեսի փառաբանության, որ հակասության մեջ է նյութական գոյության սուղ պայմանների հետ: Ամենուր գրողին համակած և ընթերցողին վարակող մեծազոր, խանդավառ ու լավատեսական հույսը, որ ցավեցնող ու բուժիչ հումորի չափաբաժիններով լուսաճառագում է մարդկային ինքնագիտակցության խորշերում, համեմված է հոգեբանական մանրումեծ գյուտերի, տիեզերական մերձակցության և ստեղծագործական շնորհի հայտնութենական դրսևորումներով:

Գերմաներենից թարգմանությունը և վերջաբանը Աշոտ Ալեքսանյանի
Հրատարակչությունը՝
«Անտարես», 2018

Նիկոս Կազանձակիս «Հույն Զոռբան»
 «Հույն Զոռբան» համարվում է հույն գրող Նիկոս Կազանձակիսի (1883-1957)  լավագույն ստեղծագործությունը: Ալեքսիս Զոռբան կենսախինդ ու աշխույժ մարդու կերպար է: Պարզ տրամաբանությամբ ու իր հախուռն կյանքի փորձից ելնելով` Զոռբան ցույց է տալիս, որ կյանքի իմաստի վերաբերյալ հարցադրումների պատասխանները գրքերի մեջ չեն, այլ հենց կյանքի, որը պետք է ապրել լիարյուն, կրքոտ, ազատ` սին հույսերից ու սպասելիքներից:

Հունարենից թարգմանեց Շամրիկ Խաչատրյանը
Հրատարակչությունը՝ «Անտարես», 2016

Մաքս Ֆրիշ «Homo Ֆաբեր» 
Անվանի
շվեյցարացի գրող Մաքս Ֆրիշի «Homo Ֆաբեր» (1957) վեպի հերոսը տեխնոկրատ անձնավորություն է, գործնական ու պրագմատիկ, ով հավատում է միայն տրամաբանությանը և հավանականությունների տեսությանը: Սակայն նոր դրամատիկ կենսափորձը աստիճանաբար հասցնում է նրան սեփական կյանքի կործանման. հին հունական միֆը ճակատագրի անխուսափելիության գաղափարով այս վեպում հետաքրքիր շրջադարձ է ստանում: Եզրափակիչ մասում Ֆաբերը նորովի է ընկալում շրջապատող աշխարհը՝ նրա գույների, հնչյունների, զգացմունքների հարստությամբ:

Գերմաներենից թարգմանեց Կարլեն Մատինյանը
Հրատարակչությունը` «Անտարես», 2017

Լուի - Ֆերդինանդ Սելին «Ճամփորդություն գիշերից անդին» 
ԼուիՖերդինանդ Սելինի «Ճամփորդություն գիշերից անդին» ՝ 1932 թվականին լույս տեսած վեպը համարվում է 20-րդ դարի ֆրանսիական գրականության անկյունաքարային գործերից մեկը: Այն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իր կյանքի բնականոն հունից դուրս ընկած և հոգեբանական բազմաթիվ փորձությունների ենթարկված մտավորականի դառը և միևնույն ժամանակ հեգնական ինքնախոստովանությունն է:

Ֆրանսերենից թարգմանեց Նվարդ Վարդանյանը
Հրատարակչություն «Անտարես», 2015

Ֆիլիպ Ռոթ «Պորտնոյի ցավը»
Ամերիկացի ականավոր գրող Ֆիլիպ Ռոթի մեծ աղմուկ հանած վեպը՝ «Պորտնոյի ցավը»(1969), հոգեվերլուծական մենախոսության պես գրված մի հանդուգն երգիծական գործ, ամերիկյան հրեա Ալեքսանդր Պորտնոյի տրագիկոմիկական խոստովանությունն է այն ավերների մասին, որ նրա ինքնությանը պատճառել են իրեն ձևավորած մշակույթը, ազգային կարծրատիպերն ու տաբուները՝ տեղիք տալով հոգեմաշ սեքսուալ մտասևեռման և մեղքի զգացման:

Անգլերենից թարգմանեց և ծանոթագրեց Զավեն Բոյաջյանը
Հրատարակչությունը՝ «Անտարես», 2018

Նոդար Դումբաձե «Հավերժության օրենքը: Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը»
Վրացի ականավոր արձակագիր Նոդար Դումբաձեի «Հավերժության օրենքը» վեպն ու «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» վիպակը նրա լավագույն ստեղծագործություններից են: Երկուսն էլ հատկանշվում են իրականության հոգեբանական դիտարկումներով, պայծառ լավատեսությամբ, արտասովոր քնարականությամբ, հոգեպարար հումորով, ինչպես նաև ժողովրդախոսակցական լեզվի ու մտածողության հյութեղ բառ ու բանով:

Վրացերենից թարգմանեց Հրաչյա Բայրամյանը
Հրատարակչությունը՝ «Անտարես», 2016


Ուիլյամ Սարոյան «մայրիկ, ես սիրում եմ քեզ» 
Ուիլյամ Սարոյանի շենշող գործերից մեկը՝ «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» վեպը (1956), իննամյա աղջնակի անխաթար հայացքով է ներկայացնում կյանքը, ընտանեկան հարաբերություններն ու թատրոնի աշխարհը, որտեղ նա հայտնվում է դերասանուհի մոր մասնագիտության բերումով: Սրտառուչ քնարականության և կենսուրախ հումորի զուտ սարոյանական շաղախը անկրկնելի հմայք է տալիս ցանկացած տարիքի ընթերցողին ջերմացնելու ընդունակ այս լուսե, ներդաշնակ ու հաճելի գրքին, որը հրատարակվում է վերանայված թարգմանությամբ:

Անգլերենից թարգմանեց Զավեն Բոյաջյանը
Հրատարակչությունը «Անտարես» 2018

Ալֆոնս Դոդե «Պստիկը»
«Պստիկը» Ալֆոնս Դոդեի առաջին վեպն է, որում արդեն իսկ առկա են այն կենտրոնական թեմաները, որոնք բնութագրական էին լինելու նրա ամբողջ ստեղծագործության համար: Կուրտիզանուհու հանդեպ «ճակատագրական կրքի» մոտիվը, որ զուգադրվում է ֆիզիոլոգիական բնազդների անհաղթահարելի ուժին, ներկայացված է լավատեսական լույսի ներքո: Պատանի հերոսն, ի վերջո, գտնում է երջանկության բանալին:

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Վահե Միքայելյանի
Հրատարակչություն՝ «Անտարես», 2014


Պաուլու Կոելյու «Վերոնիկան որոշում է մեռնել» 
«Վերոնիկան որոշում է մեռնել» վիպակը Պաուլու Կոելյուի ամենահայտնի ու մեծ աղմուկ հանած ստեղծագործություններից է: Այն պատմություն է մարդու մասին, որը որոշելով մեռնել՝ այնուամենայնիվ, մահվան հանդեպ դրսևորում է ապրելու աննկարագրելի կամք՝ ապացուցելով, որ ապրած յուրաքանչյուր օր հրաշք է:


Պորտուգալերենից թարգմանեց Աննա Մարությանը
Հրատարակչությունը` «Անտարես», 2016   

Գի Դը Մոպասան «Սիրելի բարեկամ»
«
Սիրելի բարեկամ» վեպը կարերիստի պատմություն է: Արկածախնդիր ու խորամանկ Ժորժ Դյուռուան երազում է փայլուն կարիերայի և բարձր հասարակության սանդուղքներով անընդհատ վեր բարձրանալու մասին, թեպետ չունի առանձնահատուկ տաղանդ ու շնորհներ: Սակայն անհատական հմայքը, որով կարողանում է գրավել բարձրաշխարհիկ կանանց սրտերը, ինչպես նաև հանգիստ սրտով ցանկացած ստորության դիմելը, պարզվում է, բավական է մեծ հաջողությունների հասնելու համար...

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Արման Կոթիկյանի
Հրատարակչությունը՝ «Անտարես», 2013


Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգստոն Ճայը» 
Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգստոն Ճայը»  ամերիկացի գրող Ռիչարդ Բախի չորրորդ գիրքն էր, որին հաջորդեցին շուրջ մեկուկես տասնյակ գործեր: Ստեղծագործությունների այդ մեծ ցանկում, սակայն, այս փոքրածավալ վիպակը պահպանեց իր մոգական եզակիությունը թե՛ հեղինակի և թե՛ ընթերցողի համար:
Իր հզոր ուղերձով այն այսօր էլ դիմում է թե՛ ինքն իրեն որոնող պատանուն, թե՛ առօրյա հոգսի ու երազանքի միջև ընտրություն կատարող մարդուն, թե՛ իր ինքնությունը օրեցոր զիջելու համար արդարացումենր որոնողին:
Սա գրքի ամբողջական հրատարակությունն է, որում հայերենով առաջին անգամ լույս է տեսնում վիպակի՝ 2014 թ. Հրատարակված չորրորդ մասը:


Անգլերենից  թարգմանեց Նաիրա Հարությունյանը
Հրատարակչություն «Անտարես», 2017

Գիրքը այս բլոգում

Ֆրանսիացի արձակագիր Մարսել Պրևոն մի անգամ ասել է. «Պատահական հանդիպումը լավ գրքերի հետ կարող է ընդմիշտ փոխել մարդու ճակատագիրը»: Մենք էլ հույս ունենք, որ առաջարկված գրքերը կարդալով իսկապես կազատվենք հուսահատության բեռից, նորովի կնայենք աշխարհին, նոր հույզերով կգնահատենք կյանքն ու մեզ շրջապատող հարազատ մարդկանց ներկայությունը: 

Комментарии